«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԵՐՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Նախօրեին «Ժառանգություն» կուսակցությունը 22 հարցից կազմված հարցաշարով դիմել էր նախագահի թեկնածուներին՝ ակնկալելով նրանց պատասխանները և ակնարկելով, որ դրանցով է կողմնորոշվելու այս կամ այն թեկնածուին պաշտպանելու որոշումը կայացնելիս։ 2007-12-19 09:13
ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը ստացել է հարցաշարը եւ ասում է, թե այնտեղ կան հարցեր, «որոնց վերաբերյալ «Ժառանգությունը» պետք է եզրակացություններ աներ՝ թեկնածուների գործունեությունից դատելով»։ «Հարցեր կան, որոնք տեսական են ու պատասխաններ չունեն»,- ասում է Մանուկյանը։ Բայց կան հարցեր, որոնք Վազգեն Մանուկյանը քննարկման արժանի է համարում և համառոտ նամակով դրանց պատասխանները կուղարկի «Ժառանգությանը»։
Արտաշես Գեղամյանը թեև դրական է գնահատում նախաձեռնությունը , բայց և «Ժառանգության» կողմից իրենց ուղղված հարցերը դասում է «այն բազում հարցերի շարքին, որոնք ուղղվում են «ԱՄ»-ին» ։ Իսկ դրանք, ինչպես նկատում է Գեղամյանը,անհետևանք չեն մնում և «պատասխանները արտացոլվելու են քարոզարշավի ընթացքում, նախընտրական ծրագրերում»։ Գեղամյանը չի պատրաստվում պատասխանել «Ժառանգության» հարցերին։
Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը կարծում է, որ հարցերի զգալի մասին պատասխանել է, մնացածին էլ պատասխանելու է առաջիկայում ՝ ելույթների, հանդիպումների ընթացքում։ «Հարցաթերթիկ չենք լրացնելու, եթե խնդիրը պատասխաններ ստանալն է, ապա դրանք կտրվեն, հատկապես, որ հարցերը 20-22-ով չեն սահմանափակվում»,- ասում է Մելիքյանը։
«Ազգային Համաձայնության» թեկնածու Արամ Հարությունյանը ընդհանրապես դեմ է «ժառանգության» մոտեցմանը. «Չեմ կարծում, որ քաղաքական գործիչները միմյանց հետ նման կերպ պետք է շփվեն։ Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է թեկնածուներից մեկին, ոչինչ չի խանգարում հանդիպել մյուսների հետ նույնպես և կողմնորոշվել այդ քննարկումներով»։
ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը չի հասցրել ծանոթանալ հարցաշարին և առանձնապես չի էլ պատրաստվում։
ՀՀԿ մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ ««Ժառանգության» հարցադրումները կոռեկտ չեն. կուսակցությւնը այլ հնարավորություններ ուներ կողմնորոշվելու թեկնածուների հարցում»։
Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման գրասենյակից, պատասխանելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցին, նշել են, թե «1-ին նախագահն արդեն պատասխանել է «Ժառանգության» հարցերին»։
Իսկ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Հայկական Ժամանակի» տեղեկությունների համաձայն, պատասխանելու է «Ժառանգության» հարցաշարին։
|
|
|
| « Սեպտեմբեր 2010 » |
|---|
| Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շբթ | Կիր |
|---|
| | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | |
|
|