ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ

Ընտրություններից առաջ ինտերնետի հայկական տարածքը, սովորաբար, քաղաքականացվում է։ Նախագահի թեկնածուները հերթով ինտերնետային կայքեր են բացում, բլոգերներն էլ ներգրավվում են քաղաքական պայքարում։ 2008-01-16
Եթե ԱԺ ընտրություններից առաջ թվում էր, թե ինտերնետը դանդաղորեն է ընդգրկվում ընտրական գործընթացներում, ապա հիմա արդեն կարելի է նոր որակական փոփոխություններ արձանագրել այս ոլորտում։
Այս անգամ, նախընտրական քարոզարշավը դեռ չսկսած, նախագահի հինգ թեկնածուներ արդեն իսկ բացել են սեփական կայքերը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Վահան Հովհաննիսյանը, Արթուր Բաղդասարյանը։ Տարօրինակ է, բայց փաստ՝ թեկնածուները լուրջ հետաքրքրվածություն են ցուցաբերում ինտերնետում բնակվող ընտրազանգվածի հանդեպ։
Արթուր Բաղդասարյանի բախտը, ինչպես միշտ, չի բերել (նրա մյուս կուսակցական կայքերն էլ շատ տխուր տեսք ունեն). կայքը սարսափելի է ինչպես դիզայնի, այնպես էլ՝ տեխնիկական լուծումների տեսանկյունից։ Բավական է նշել, որ բոլոր նորությունները կայքում տեղադրված են .doc ֆորմատով։
Մնացած թեկնածուների կայքերը թե՛ դիզայնի, թե՛ տեղադրված նյութերի առումով բավական ուշագրավ են, ինչից կարելի է եզրակացնել, որ կայքերը նախօրոք են սկսել պատրաստել։
Թեկնածուների էջերը լի են զանազան տեղեկատվությամբ, ինչն իսկապես կարող է հետաքրքրել ընտրողներին։ Սերժ Սարգսյանի կայքում նույնիսկ ոչ պաշտոնական, եւ ինչն ամենից հետաքրքիրն է, անձնական լուսանկարներ կան։ Այստեղ կարելի է տեսնել ոչ միայն Սերժ Սարգսյանին՝ մանուկ հասակում կամ կիթառ նվագելիս, այլ նույնիսկ նրա տատիկներին։Փաստորեն ինտերնետն այն առաջին տեղը դարձավ, որտեղ մենք կարողացանք տեսնել վարչապետին առանց փողկապի եւ «Հոկտեմբերիկի» նշանը կրծքին։
Լեւոն Տեր-Պետրոսյանը ուրիշ կերպ է մերձենում ինտերնետի բնակիչների հետ։ Մի կողմից, այս թեկնածուն «ամենակայքացածն» է։ Բացի արդեն նշված կայքից՝ գոյություն ունեն ուրիշ «լեւոնական» էջեր, առնվազն եւս երեքը։ Դրանցից մեկի վրա տեղադրված է բլոգ, ինչն արդեն իսկ մեծ առաջընթաց է։ Կարելի է ասել, որ Տեր-Պետրոսյանը Հայաստանի առաջին «բլոգադիր» նախագահն է։ Իհարկե, մենք դեռ չենք հասել Միացյալ Նահանգներին, եւ բլոգն անձնական չէ։ Այն վարում են Արամազդն ու Իզաբելլան։ Բայց փաստը մնում է փաստ։
Այս ընտրությունները նաեւ առանձնահատուկ են լուրջ ինտերնետային հակաPR-ի տեսանկյունից։ Առաջին անգամն է, որ բլոգերը օգտագործվում են թեկնածուների դեմ տեղեկատվական պատերազմում։ Ֆորումներն արդեն վաղուց վերածվել են քաղաքական մարտադաշտի։ Այստեղ կարելի է հանդիպել քաղաքական ուժերի երիտասարդ կամ ոչ շատ երիտասարդ ներկայացուցիչների, ովքեր ներկայանում են բացեիբաց, այլ ոչ թե թաքնվելով ծածկանունների տակ։
Սակայն բլոգերի առանձնահատկությունն այն է, որ հակառակ ֆորումների, հեղինակներն այստեղ անհատապես են ներկայանում։ Բացի այդ՝ բլոգերը ինչ-որ չափով ԶԼՄ–ների հատկանիշներ ունեն, ինչը որակապես մեծացնում է դրանց ազդեցությունը։
Այդ իսկ պատճառով վերջին մի քանի շաբաթների ընթացքում ինտերնետում (Livejournal կայքի վրա) սկսեցին իրար հետեւից հայտնվել բավականին տարօրինակ բլոգեր, որոնց հեղինակների միակ նպատակը հակաքարոզչությունն է։ Բնականաբար, պայքարը մղվում է դեռեւս միայն երկու թեկնածուի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ։
Այսպես, հայտնվել է մի բավական յուրահատուկ բլոգ PPMV (երեւի կռահեցիք՝ «պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսի հապավումն է)՝ էլ ավելի էմոցիոնալ կարգախոսով. «Ոչ մոնղոլ-թաթարական բռնապետությանը»։ Բացի ոչ միանշանակ բովանդակության նյութերի (որոնք կամ ուղղված են ներկա իշխանությունների դեմ, կամ էլ փառաբանում են ՀՀ առաջին նախագահին) տեղադրումից, այս բլոգի հեղինակը նաեւ մեկնաբանում (նույնիսկ հետապնդում է) ուրիշ բլոգերներին՝ մեղադրելով նրանց «սերժականության» մեջ։
Հավանաբար այս բլոգը վարում է կա՛մ մոլեռանդ «լեւոնական», ում հիմա ինտերնետում կոչում են «Լեւոնի վկաներ», կա՛մ էլ սա շատ հմուտ, եւ կարեւորը՝ ծախսատար սադրանք է իշնանությունների կողմից։
Մեկ ուրիշ բլոգեր՝ հակահեղափոխականի իմիջով, իրար հետեւից ներկայացնում է կասկածելի նյութեր Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին։ Այստեղ դուք կարող եք նույնիսկ ծանոթանալ Լևոնի ու «Գորշ գայլերի» կապերի հետ։ Եւ սա այս բլոգի միակ նպատակն է։ (Նշենք, որ այս կարգախոսը շատ մոդայիկ էր Ռուսաստանում մի երկու տարի առաջ՝ ուկրաինական դեպքերի ժամանակ։ Եւ ընդհանրապես, շատ բաներ հիմա քաղվում է ռուսաստանյան բլոգային պատերազմների փորձից)։
Կարելի էր նշել մի շարք ուրիշ նմանատիպ «ռազմական» բլոգեր։ Դրանց միավորում է մի քանի ընդհանուր հատկանիշ։ Այս բլոգերը ստեղծվել են վերջին ամսվա ընթացքում։ Դրանց պարունակությունը միանշանակ բացասական բնույթ է կրում. այստեղ չկա դրական տեղեկատվություն ի օգուտ որեւէ թեկնածուի։ Որպեսզի աչք չծակի այս բլոգերի նպատակաուղղվածությունը, հեղինակները ժամանակ առ ժաանակ ուրիշ թեմաների մասին էլ են գրում։ Սակայն այդ գրառումները կարճ են, աննպատակ եւ հիմնականում հղում են ուրիշ բլոգերների գրառումների վրա։
Այնպես որ, կարելի է շնորհավորել ինտերնետի բնակիչներին։ Վերջապես, ինչպես ժողովուրդն է ասում, մեզ էլ շան տեղ դրեցին, կամ էլ գրական ասած՝ մենք էլ դասվեցինք ընտրողների շարքին։ Մենք քիչ ենք, բայց մենք շատանում ենք։
ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (kornelij.livejournal.com)
|
|
|
| « Հուլիս 2010 » |
|---|
| Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շբթ | Կիր |
|---|
| | 1 | 2 | 3 | 4 | | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
|
|