Ի ն ֆ ո ր մ ա ց ի ա յ ի   ձ ե ր   ա լ ի ք ը
 
 
 2010.09.08
Գլխավոր  >  Վերլուծություն
Չնայած Լեռնային Ղարաբաղի հարցը համընդհանուր ուշադրության կենտրոնում պահելու որոշ թեկնածուների համառ ջանքերին՝ այս նախագահական ընտրություններում հիմնական բանավեճը ծավալվեց այլ խնդիրների շուրջ։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ համապետական ընտրություններում Ղարաբաղյան հարցը հետին պլան մղվեց։
2008-02-12

Հնարավոր է, որ այս հանգամանքը պայմանավորված է հասարակության հետաքրքրության անկմամբ՝ Ղարաբաղյան կարգավորման շուրջ երկարատեւ հոգնեցուցիչ բանավեճերի նկատմամբ։ Հնարավոր է նաեւ, որ իշխանության համար ծավալված պայքարի պայմաններում ղարաբաղյան թեման կորցրել է կարծիքների բեւեռացման հնարավորությունը։ Այսպես, թե այնպես, ղարաբաղյան թեման զրկվել է իր մոբիլիզացնող պոտենցիալից։ Հայ քաղաքական գործիչների շրջանում նրա ներքին քաղաքական նշանակությունը կտրուկ նվազել է։

Վերը նշված հանգամանքը հասկանալու համար իմաստ ունի ծանոթանալ խնդրի շուրջ թեկնածուների պատկերացումներին եւ տեսնել, թե ինչ տեղ է գրավել այն նրանց նախընտրական ծրագրերում։

Ինչպես երեւում է ծրագրերից, ձեւավորված վերաբերմունքի մեջ քիչ դեր չի խաղացել նաեւ թեկնածուների մոտեցումներում խնդրի կարգավորման նկատմամբ սկզբունքային տարբերությունների բացակայությունը։ Համենայնդեպս՝ առանցքային քաղաքական գործիչների ծրագրերում այդպիսի տարբերություն չի նկատվում։


Իշխանական թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում ներառել է Հայաստանի գործող իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը։ Այդ մոտեցման սկզբունքները վաղուց հայտնի են Հայաստանի հասարակությանն ու քաղաքական էլիտային։ Ինչպես օրինակ.

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը խարսխվելու է հետևյալ սկզբունքների վրա. պետք է միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և պայմաններ ստեղծվեն դրա իրականացման համար, պետք է ապահովվի ԼՂՀ բնակչության և սահմանների անվտանգությունը, ՀՀ-ն և ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման։»

Միակ հետաքրքիր դետալը հետեւյալ արտահայտությունն է։
«Հակամարտության կարգավորումը հնարավոր չէ իրականացնել միանգամից, մեկ օրում, այն մի քանի քայլով իրականացվող գործողությունների ամբողջություն է: Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ լուծումների իրականացումը:»

Հայտնի է, որ այս ձեւակերպումը կոչված է ինչ-որ իմաստով ընդգծել Սերժ Սարգսյանի դիրքորոշման տարբերությունը /ավելի ստույգ՝ ցրել ընդհանրության տպավորությունը/ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի փուլային ծրագրից։ Հայաստանի նախկին եւ ներկա իշխանությունների տարիների բանավեճը կարգավորման փուլային եւ փաթեթային տարբերակների շուրջ, ինչպես երեւում է, նկատելի հետք է թողել Հայաստանի գործող իշխանությունների գիտակցության մեջ, քանի որ, ըստ էության, ոչ մի տարբերություն ներկաների եւ նախկինների մոտեցումներում Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուջ չկա։
Պատահական չէ, որ Հայաստանի նախագահի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրած Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական ծրագրում շատ մակերեսորեն է անդրադարձել Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ սահմանափակվելով հետեւյալ արտահայտությունը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում քաղաքական կամքի դրսեւորումը, հանդես գալով արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից» արտաքին քաղաքական դիրքորոշման ընդհանուր համատեքստի մեջ մտցնելով։ Սրանով իսկ նա պարզապես բացառել է իշխանության համար պայքարի ընթացքում այս թեմայով ցանկացած հնարավոր բանավեճ։
Ինչպես երեւում է նախընտրական պայքարի ընթացքից, Հայաստանի իշխանությունները նույնպես, ըստ էության, հրաժարվել են Ղարաբաղյան թեմայի շուրջ բանավեճից։

Այս առանցքային գործիչների դիրքորոշումները չէին կարող չազդել մյուս թեկնածուների ծրագրերի վրա։ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ծրագրում ընդամենը ընդլայնել է գոյություն ունեցող մոտեցումները Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի միավորման հնարավորությամբ եւ անկախության հարցի անառարկելիությամբ՝ այն էլ շատ անորոշ ձեւակերպումներով։ Ուրիշ առանձնահատուկ տարբերություններ չկան, ինչը տեսանելի է անգամ անզեն աչքով։

«-Լեռնային Ղարաμաղի ինքնորոշման իրավունքն անկախության կամ Հայաստանի հետ վերամիավորման ճանապարհով, չի կարող լինել սակարկության առարկա։
- Լեռնային Ղարաμաղի ժողովրդի անվտանգությունը և Հայաստանի հետ ուղիղ սահմանի կապերը չեն կարող լինել սակարկման առարկա։
- Անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի հանրապետության ակտիվ ներգրավվածությանը բանակցային գործընթացում՝ որպես բանակցող կողմ։
- Անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը և պայմաններ ապահովել դրա իրականացման համար։»

Դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում էլ ավելի ընդհանուր ձեւակերպումների կարելի է տեսնել։
«Արցախյան հիմնախնդիրը Հայ Դատի բաղկացուցիչ մասն է: Մինչեւ ազատագրված Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչումը՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է սատարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային կապերի հաստատմանն ու զարգացմանը:
Հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում պետք է ապահովել ԼՂՀ ուղղակի մասնակցությունը: Հիմնախնդրի կարգավորումը պետք է միանշանակորեն ընդունելի լինի Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների համար:»

Նույնպիսի ձեւակերկպումներ են նաեւ ազգային-ժողովրդական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանի ծրագրում։
«Անիմաստ է խոսել արցախյան հարցի լիարժեք եւ կայուն կարգավորման մասին, առանց բանակցություններին ԼՂՀ-ի անմիջական եւ իրավահավասար մասնակցության: Այդ բանակցությունների հիմնական նպատակը պետք է լինի արցախահայության՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա արդեն իսկ իրականացրած դե ֆակտո անկախության միջազգայնորեն դե յուրե ճանաչումը՝ հստակեցնելով նրա սահմանները եւ ապահովելով նրա բնական սահմանի առկայությունը ՀՀ-ի հետ։»
Միայն մի արտահայտություն է ավելացրած. «Կայունության երաշխիքը էապես կախված է նաեւ հակամարտող կողմերի ժողովրդավարության աստիճանից»։
Դեմոկրատիզացիան որպես Հայաստանի օգտի հարցը լուծելու կարեւոր գործոն ավելի ու ավելի հաճախ է հայտնվում քննարկվող պրոբլեմների շարքում։ Թեեւ պարզ է, որ կարգավորման բուն սխեմայի հետ այն ոչ մի առնչություն չունի։
Վերջին հանգամանքն իր նախընտրական ծրագրում նշում է նաեւ Ազգային միաբանության թեկնածու Արտաշես Գեղամյանը։
«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը վտանգավոր փակուղուց դուրս բերելու կարևորագույն նախապայման եմ համարում նախագահական առաջիկա ընտրությունների ազատ, արդար, ժողովրդավարական պահանջներին հարիր անցկացումը:»
Այնուհետեւ կրկնվում են հայկական դիվանագիտության մեջ շրջանառվող ընդհանուր սկզբունքները։
Ղարաբաղյան խնդրի շուրջ միակ ինտիգրը մտցրեց ԼՂՀ-ի նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը։ Խոսքը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների մասին, որոնք զիջելու հավանականությունը չեն ժխտում մյուս թեկնածուները։ Արման Մելիքյանի նախընտրական ծրագրում ասվում է։
«Առաջարկել ԼՂՀ-ին որպես ադրբեջանահայ փախստականների կրած նյութական ու բարոյական վնասների մասնակի փոխհատուցում վերջիններիս տրամադրել ազատագրված տարածքները` սեփականության իրավունքով, նպաստել ազատագրված տարածքների բնակեցմանն ու տնտեսապես շահավետ յուրացմանը։»
Փաստորեն տարածքային զիջումների վրա հիմնված կարգավորման փաթեթը այս թեկնածուն մերժում է՝ առաջարկելով կարգավորման հետեւյալ մոտեցումը։
«Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է վարի ելնելով վերը ներկայացված իրողություններից, հաշվի առնելով ԼՂ հարցի կապակցությամբ միջազգային հիմնական ու մեր տարածաշրջանում ազդեցություն ունեցող դերակատարների միմյանց հակասող շահերը: Մենք պետք է նաեւ հիշենք, որ առկա ստատուս-քվոն խախտելու ՀՀ իշխանությունների փորձը անհաջողության է մատնվել ու առհասարակ հղի է վտանգավոր հետեւանքներով: ...Ստատուս-քվոյի պահպանման պայմաններում ՀՀ-ն ԼՂ հարցում ազատ է ձեռնակելու երկրի տնտեսական, քաղաքական եւ ռազմական անվտանգությունն ու հետագա զարգացումն ապահովող ... քայլեր։»
Այսպիսով՝ ԵԱՀԿ-ի շրջանակներում գործող Մինսկի խմբի առաջարկած կարգավորման փաթեթը, ըստ էության, չի մերժվում ընտրություններում հաղթելու իրական շանսեր ունեցող ոչ մի թեկնածուի կողմից։
Արման Մելիքյանի մոտեցումներն առայժմ լայն հետաքրքրություն չեն առաջացրել քաղաքական գործիչների շրջանում։ Այլ հարց է, թե Մինսկի խմբի ծրագրի շուրջ համաձայնությունը որքանո՞վ է հավանական։ Այստեղ իրավիճակը միանշանակ չէ։ Դիվանագիտական ասպարեզում մինչեւ հիմա որեւէ լուրջ առաջխաղացում չկա։ Դժվար թե Հայաստանի նոր նախագահներից որեւ մեկը կարողանա նկատելիորեն փոխել առկա վիճակը։

Այստեղից էլ հասկանալի է դառնում Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ ձեւավորված որոշակի անտարբերության պատճառը։ Հասարակությունը չի տեսնում ընթացող բանավեճերի լրջությունը, եւ այդ պատճառով էլ որոշ չափով հեռացել են այդ խնդրից։ Հետեւաբար մարել է նաեւ Ղարաբաղյան թեմայի շուրջ ներքաղաքական բանավեճի պահանջը։
Բայց ասել որ այս դրությունը կարող է երկարատեւ լինել, ճիշտ չէր լինի։ Կարգավորման դիվանագիտություն մեջ ցանկացած լուրջ փոփոխություն ի հայտ գալուն պես, կտրուկ կփոխվի հասարակության դիրքորոշումը։ Թեեւ արդեն պարզ է, որ այս նախագահական ընտրություններում նման բան տեղի չի ունենա։

ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ
քաղաքագետ


  Կարդալ նաեւ  
ՄՈՒՐԱԴ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ՉԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՄՈՒՐԱԴ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ
3 ՏԱՐԻ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ԱՄԲՈՂՋ ՊԵՏԱԿԱՆ ԼԾԱԿԻ ԴԵՄ ԷԻՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
ՀԱԿ-Ը ԴԵՌ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ
ՄԻ ՔԱՆԻ ՆՈՐ ԱՆՎԱՎԵՐ ԹԵՐԹԻԿ՝ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ (VIDEO)
ՀՀԿ ԵՐԵՒԱՆՅԱՆ ՏՐԻՈՒՄՖԻ ԳԻՆԸ
ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ Է... ԱՌԱՅԺՄ
ԵԽ ԴԻՏՈՐԴՆԵՐ. «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ»
ՔՎԵԱՐԿԵՑ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ 53 ՏՈԿՈՍԸ
 
«    Սեպտեմբեր 2010    »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
Համաձա՞յն եք, որ ամառային հանգիստը պետք է անցկացնել Հայաստանում
Այո, որովհետեւ այդպես էժան է
Այո, որպեսզի ծախսված գումարները մնան Հայատանում
Ոչ, որովհետեւ թանկ է
Ոչ, որովհետեւ սպասարկումը ցածր մակարդակի վրա է

HotLine

 


Armenian Top Web Sites Statistics & Rating

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ
Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է­..

hackhack

Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio