Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ մարտի մեկի զոհերի հիշատակի Սգո արարողությունը տեւեց մինչեւ ժամը 16։00։
2008-04-09 04:50
Մոտ ժամուկես մարդկանց հոսքը դեպի ընդդիմության բողոքի խորհրդանիշ դարձած այդ վայրը չէր դադարում։
Այստեղ էր բերվել մարտի զոհերից մեկի՝ Տիգրան Բաղդասարյանի նկարը։ Երբ մի տղամարդ զոհվածի նկարը ցույց տրվեց հավաքվածներին՝ լսվեցին «Սեր-ժիկ, մար-դաս-պան» վանկարկումներ։
Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի աչքերին արցունքեր էին։ Նա այսօր մասնակցել էր մարտի 1-ի զոհերի քառասնօրեքի արարողություններին եւ շատ հուզված էր։ «Ինչպիսի վիշտ, ինչ լացուկոծ»,- ասում էր պատգամավորը։
Բախշյանի շուրջ հավաքված սեւազգեստ կանայք «Հայր Մեր» ասացին։
Ոստիկանությունը հավաքվածներին ցրելու կտրուկ գործողություններ չէր ձեռնարկում։ Ժամը 16։00-ի կողմերը ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանին մոտեցավ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը եւ ասաց, որ մարդկանց տուն ուղարկեն, քանի որ նրանք փակում են փողոցը։
«Ասեք, թող Սերժիկը գա ասի, որ գնան»,- պատասխանեց Շահնազարյանը։
Լսելով Երեւանի ոստիկանապետի՝ «Նա Սերժիկ չէ» պատախանը, Շահնազարյանն արձագանքեց «Ինձ համար նա միշտ էլ Սերժիկ է»։
Հետո Ներսես Նազարյանն ասաց, թե հավաքվածները փակում են փողոցը եւ խանգարում են երթեւեկությանը։ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ իր կարծիքով ոստիկաններն են փակում փողոցները։ Ոստիկանապետը հեռացավ։
Որոշ ժամանակ անց ոստիկանները սկսեցին վահաններով մարդկանց դուրս մղել Մյասիկյանի արձանին հարող տարածքից։
Դավիթ Շահնազարյանը մարդկանց ասաց, որ հիմա գնան, սակայն երեկոյան հավաքվեն Հանրապետության հրապարակում՝ այդտեղ կայանալիք համերգի ժամանակ Սերժ Սարգսյանի նկատմամբ իրենց վերաբերմունքը արտահայտելու։
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է..