ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՍՐԵԼ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ (VIDEO)

Ընդդիմությունը մեկուկես ամսվա ընդմիջումից հետո առաջին հանրահավաքն անցկացրեց: Փետրվարից հետո առաջին անգամ հանրահավաքն արտոնված էր Երեւանի իշխանությունների կողմից: 2008-09-15 11:49
Հանրահավաքի մասնակիցների թիվն այս անգամ, նախորդների համեմատ, ավելի սակավաթիվ էր: Մատենադարանի հրապարակում մինչեւ հինգ հազար մարդ էր հավաքվել:
Հանրահավաքն արտոնված էր, երթը` ոչ: Այս մասին ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւս մեկ անգամ հիշեցրին ոստիկանները` Մատենադարանի հարթակ բարձրանալով: Հավաքվածները, սակայն, սպասում էին երթի:
Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը խոսեց ընդդիմության անելիքների մասին, միեւնույն ժամանակ նշելով, որ ինքն էլ շատերի պես համարում է, որ պետք է անցնել կտրուկ գործողությունների: «Ինչքան էլ, որ մեր ցասումը արդարացի է, ազնիվ է, մենք պարտավոր ենք առաջնորդվել քաղաքական սառը հաշվարկով»,- ասաց Շահնազարյանը:
«Մենք հստակ պետք է հասկանանք, որ Շարժման համար հիմա կտրուկ գործողությունների անցման ժամանակը չէ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը, ավելացնելով, որ չպետք է թույլ տալ, որ Հաժողովրդական Շարժումը օգտագործվի դրսի ուժերի կողմից:
Հաժողովրդական Շարժման համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ խոսեց ընդդիմության անելիքների մասին: «Բռնապետության դեմ պայքարը ունի իր տրամաբանությունը եւ կանոնները: Նրանք ուզում են մեզ ներքաշել առճակատման, մենք նրանց այդ հաճույքը չենք պատճառի: Մենք կպայքարենք իրենց համար խոցելի ոլորտում` գաղափարների ոլորտում»,- ասաց Զուրաբյանը:
Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց մոտ կես ժամ: Նա վերլուծեց աշխարհաքաղաքական իրավիճակը` նշելով, որ Հայաստանի համար արտաքին քաղաքականության ոլորտում դժվար ժամանակներ են: Նա էլ խոսեց ընդդիմության քայլերի մասին: «Ես գիտեմ, որ հասարակության մեջ կան ավելի վճռական գործողությունների անցնելու տրամադրություններ, բայց ես ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում հավատալ Շարժման առաջնորդներին»,- ասաց Տեր-Պետրոսյանը: Նա նշեց, որ իրենց գլխավոր սկզբունքն է եւ Շարժման հզորությունը ապահովելը, եւ Պետությանն ու ժողովրդին չվնասելը:
«Ես ձեզ մաղթում եմ հաղթածի արժանապատվություն, վեհանձնություն եւ հարատեւություն: Մի կասկածեք ձեր ուժերի, մեր ուժերի վրա: Մենք միասին ենք եւ միասին էլ հասնելու ենք մեր հաղթանակին»,- ելույթը եզրափակեց Տեր-Պետրոսյանը:
Հանրահավաքի վերջում Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ այսօր երթ չի լինի: Նա տեղեկացրեց, որ հաջորդ հանրահավաքն ընդդիմությունը կանցկացնի սեպտեմբերի 26-ին` Կենտրոնի թաղապետի ընտրություններից 2 օր առաջ: Այդ համայնքում ընդդիմությունը պաշտպանում է ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի թեկնածությունը:
|
|
|
| « Սեպտեմբեր 2010 » |
|---|
| Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շբթ | Կիր |
|---|
| | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | |
|
|