Հանրահավաքը սկսվեց 45 րոպե ուշացումով։ Շոգ էր։ Մատենադարանի հրապարակում հավաքված ընդդիմության մոտ 5 հազար աջակիցները սպասում էին իրենց առաջնորդին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Տեր-Պետրոսյանը ժամանեց, եւ հանրահավաքը մեկնարկեց։ Այն այսօր վարում էր ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը։ Նա տեղեկացրեց, որ իրենց հանրահավաքը նախընտրական-քարոզչական չէ։
«Մեր քարոզարշավը կմեկնարկի վաղը՝ մայիսի 2-ին»,- ասաց Զուրաբյանը։ Նա տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը Երեւանի համայքներում նախընտրական հանդիպումներ է ունենալու։ Առաջին այդպիսի հանդիպումը կլինի Արաբկիրում՝ մայիսի 4-ին։ Իսկ մայիսի 15-ին ՀԱԿ-ը Մատենադարանի հրապարակում մեծ հանրահավաք կանցկացնի։
Այսօր ընդամենը 5 ելույթ հնչեց։Խոսեցին ՀՀՇ-ն ներկայացնող Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Տեր-Պետրոսյանը իր մոտ կես ժամանոց
ելույթում խոսեց 4 թեմայի շուրջ, որոնք վերնագրել էր՝ Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում, Յոթ քաղբանտարկյալների գործի տապալում, Հայ–թուրքական երկխոսության խորացում, Երեւանի քաղաքապետի ընտրության նախապատրաստություն։
Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Միանգամից նշեմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ–թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը եւ պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին։ Մեր միակ առարկությունը վերաբերում է Ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ մեր համոզմամբ՝ դա այլ բան, քան Հայոց ցեղասպանության ուրացում, չի նշանակում»։
Շարունակելով վերլուծությունը` Տեր-Պետրոսյանը նշեց. «Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ընդհանուր տրամադրվածությունից բացի, իր առջեւ նաեւ մի ավելի նվազագույն եւ կոնկրետ նպատակ էր դրել, այն է՝ ամեն գնով կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը։ Թուրքիան լիովին հասավ իր նպատակին, Հայաստանը մնաց ձեռնունայն, իսկ Սփյուռքը դարձյալ հուսախաբ եղավ։ Ֆուտբոլային դիվանագիտությամբ սկսված խաղի առաջին կեսն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի»։
«Առանց դույզն իսկ չափազանցության, հարկադրված ենք արձանագրել. Սերժ Սարգսյանը հանուն սեփական իշխանության երկարաձգման, բառիս բուն իմաստով, ծախեց Ցեղասպանությունը։ Նրա հաջորդ քայլն, անկասկած, լինելու է Ղարաբաղը ծախելը, ինչից հետո, բնականաբար, նա դառնալու է առաջին հայը, որը կարժանանա Նոբելյան մրցանակի»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Տեր-Պետրոսյանի ելույթից հետո հանրահավաքի մասնակիցները երթով անցան Երեւանի փողոցներով։ Քաղաքապետարանը երթը չէր արտոնել, սակայն ոստիկանությունից հայտարարեցին, որ մայիսմեկյան տոների կապակցությամբ թույլատրում են երթի անցկացումը։ Ոստիկանները երթի ընթացքում ուղեկցում էին ցուցարարներին՝ նրանց համար նախօրոք փակելով փողոցները։ Երթն ավարտվեց Երեւանի Հյուսիսային պողոտայում։