2009 թվականի մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ այսօր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, կայացրել է դատավճիռ, որով Օնիկ Ցոլակի Ալեքսանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը») և դատապարտել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով։
2009-06-22 04:52
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, «կիրառելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 19-ին ընդունված համաներում հայտարարելու մասին որոշման առաջին կետի առաջին ենթակետը՝ դատարանը Օնիկ Ալեքսանյանին ազատել է նշանակված պատժից։ Միաժամանակ դատարանը որոշում է կայացրել որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու և Օ.Ալեքսանյանին անհապաղ դատական նիստերի դահլիճից ազատ արձակելու մասին։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Օնիկ Ալեքսանյանը մեղադրվում էր այն բանում, որ հանդիսանալով Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ձևավորված թիվ 8/15 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ, կեղծել էր հիշյալ տեղամասի ընտրությունների արդյունքները։
Համաներումը կտարածվի նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 3 տարվա ազատազրկման դատապարտված Նորիկ Միշայի Եղիազարյանի և Արմեն Հայկազի Օհանյանի վրա։
Նորիկ Եղիազարյանը և Արմեն Օհանյանը դատապարտվել էին մայիսի 31-ի ընտրությունների ժամանակ 8/5 տեղամասում քվեաթերթիկները պատճենահանելու եւ 16 քաղաքացիների փոխարեն Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին ապօրինաբար քվեարկելու համար։
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է..