«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանն այսօր նամակ է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով վերստեղծել մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խումբը` ներգրավելով նրանում նաեւ միջազգային փորձագետների:
2009-06-23 01:00
Դեռ մայիսի 26-ին այս հարցի կապակցությամբ կուսակցությունը դիմել էր նախագահին եւ խնդրել նրա միջամտությունը՝ մարտի 1-ի դեպքերը հետաքննող Փաստահավաք խմբի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։ Խմբի աշխատանքը կազմալուծվել էր նրա 5 անդամներից 3-ի նիստերին չներկայանալու պատճառով։
«Ավաղ, խմբի գործունեության վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն Ձեր կողմից հունիսի 6-ին կարգադրություն ստորագրվեց 2008թ. հոկտեմբերի 23-ի` «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրությունը ուժը կորցրած ճանաչելու մասին, որով օրինականացվեց կոալիցիայի առաջադրած անդամների կողմից խմբի կազմալուծումը:»- ասվում է նամակի մեջ։
Անահիտ Բախշյանը նշում է, որ ԱԺ-ի կողմից՝ համաներման առաջարկն ընդունելուց հետո ավելի քան արդիական է դարձել մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների, մասնավորապես՝ 10 անձանց սպանության հանգամանքների բացահայտումը, որը շարունակում է մնալ իբրեւ ոչ միայն հասարակության եւ քաղաքական ուժերի պահանջ, այլեւ միջազգային կառույցների առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություն:
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է..