Մարտի 1-ի գործով ավելի քան մի տարի անազատության մեջ պահված գործիչներն այսօր առաջին հերթին շնորհակալություն հայտնեցին հավաքվածներին` իրենց մշտապես առաջկցելու, քաղաքական զբոսանքները չդադարեցնելու, պայքարը շարունակելու համար:
«Մենք հաղթելու ենք, քանի որ կան կանայք, որ ամռան շոգին ու ձմռան ցրտին պայքարել են դնչկալների ու բազազների հետ` մեր ազատության համար»,-ասաց Պետրոս Մակեյանը:
Մյասնիկ Մալխասյանը հավաքվածներին փոխանցեց դեռ բանտում գտնվող իր ընկերների` Սասուն Միքայելյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների ողջույնները: Մարդիկ ողջույնին ի պատասխան վանկարկեցին «Ա-զա-տու-թյուն», «Նի-կոլ», «Սա-սուն»…
«Այն, որ մեր իշխանությունը բանտարկեց արցախյան պատերազմի ազատամարտիկներին, այդ լեգենդար մարտիկներին, ամենաամոթալին էր: Դրա մասին նույնիսկ մեր թշնամի Ադրբեջանն էր երազում»,-ասաց Մյասնիկ Մալխասյանը:
Սմբատ Այվազյանի խոսքով` գործող ռեժիմի դեմ պայքարի ձեւերը կարող են տարբեր լինել. մտավորականը պայքարում է խոսքով, գրիչով, առեւտրականը` տնտեսական ճնշումների դեմ է պայքարում…
Ալեքսանդր Արզումանյանը շեշտեց, որ իրենց պայքարին ոչ ոք չի կարող խոչընդոտել, թեեւ «իրականացվել է անբարոյական կոմպանիա` շարժումը ջլատելու, մեկը մյուսի դեմ լարելու համար»:
Հանրահավաքին խոսեց նաեւ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ում հատկապես ջերմ ընդունեց ժողովուրդը:
Նա հայտարարեց, որ իրենք բոլորը, անկախ իրենց ներկայացված մեղադրանքներից, ազատազրկվել են իրենց քաղաքական հայացքների համար ու խոստացավ քուն ու դադար չունենալ, քանի դեռ բանտերում կան քաղբանտարկյալներ:
«Մեզ ապօրնաբար ազատությունից զրկեցին, բայց այս ազատությունն էլ ապօրինի է»,-ասաց նա` նկատի ունենալով, որ համաներումն իրենք չեն ընդունում:
Վերջում, ինչպես միշտ, խոսեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա եւս նախ շնորհակալություն հայտնեց ընդդիմության համակիրներին` անդադար պայքարի համար, ապա ողջունեց ազատ արձակված եւ դեռ անազատության մեջ պահվող գործիչներին, բարձր գնահատեց նաեւ Նիկոլ Փաշինյանի վերադառնալը:
«Նրանք մերօրյա հերոսներն են, որոնց սխրանքներն ու զրկանքները օրինակ պիտի լինեն բոլորի համար»,- հայտարարեց նա:
Տեր-Պետրոսյանը խոսեց նաեւ ընդդիմիության անցած ճանապարհի մասին, համարելով, որ իրենք ճիշտ մարտավարություն են իրականացրել, անխոհեմ քայլեր չեն արել, թեեւ շատերն էին իրենց դրդում շուրջօրյա հանրահավաքների, նստացույցերի… Համեմատություն տարավ Վրաստանի ընդդիմության գործողությունների հետ, որն այսօր փակուղում է հայտնվել:
Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ համաներումն իշխանությունների պարտությունն էր` ճարահատյալ զիջումը: Սակայն դժբախտություն կլինեն արտաքին զիջումները Ղարաբաղի հարցում: Նրա կանխատեսմամբ` այս հարցում շուտով նոր զարգացումներ են լինելու, ինչի առիթվ ընդդիմությունը, հնարավոր է, եւս մի արտահերթ հանրահավաք կիրականացնի:
Մոտ 2 ժամ տեւած հանրահավաքի վերջում ՀԱԿ առաջնորդները` համակիրների հետ երթով քայլեցին դեպի Հյուսիսային պողոտա: