Հուլիսի 3-ին միջադեպի ընթացքում մարմնական վնասվածքներ ստացած ՀԱԿ-ի երեք երիտասարդներից երկուսը հրավիրվել էին ոստիկանություն, եւ այնտեղ նրանց ասել էին, որ իրենք կասկածվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Իսկ Տիգրան Առաքելյանը երեկ ձերբակալվել է:
Հայ ազգային կոնգրեսի Երիտասարդական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Երեկ ձերբակալվել է Հայ ազգային կոնգրեսի
երիտասարդական թևի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը: ՀՀ «իշխանությունների» կողմից կատարված այս հանցագործությունը հատկանշական է նրանով, որ նրանք կանգ չեն առնում և ոչ մի հանգամանքի առաջ, նույնիսկ` ՀՀ Սահմանադրության ընդունման տոնակատարության օրը նրանց չի զսպում ապօրինություններ գործելուց: Վերջին մի քանի ամիսներին երիտասարդության դեմ սկսված արշավը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների համար թիվ մեկ թիրախը դառնում է երիտասարդությունը, որն աչքի է ընկնում իր ազատատենչությամբ և ապօրինի ռեժիմի դեմ իր անզիջում պայքարով»:
«Մենք խստագույնս դատապարտում ենք ՀՀ պետականության և մեր երկրի ապագայի նկատմամբ կատարված այս հանցագործությունը, ռեժիմից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր ընկերոջը և հայտարարում ենք, որ այսօրինակ քայլերը մեր կրկնապատկելու են մեր ջանքերը` օր առաջ երկրում օրինական իշխանություն հաստատելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: