Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ հետախուզման մեջ է, չի օտգվի համաներումից եւ մինչեւ հուլիսի 31-ը չի ներկայանա ՀՀ իրավապահ մարմիններին: Այս հայտարարել են Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արա Զաքարյանը եւ Արթուր Գրիգորյանը:
2009-07-29 12:35
«Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներկայանալ իշխանություններին, քանի որ ավելի քան համոզված է իր անմեղության մեջ եւ կասկած չունի, որ արդարությունը ի վերջո հաղթանակելու է», - ասել է Արա Զաքարյանը:
Զաքարյանը եւ Գրիգորյանը հրապարակել են Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը, որում ասվում է «Ես իշխանություններին ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ որևէ հանցագործություն չեմ կատարել և, բացի այդ` զրկված չեմ իմ պատգամավորական անձեռնմխելիությունից: Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի որևէ անձ, որն ապացուցի իմ կողմից հանցագործություն կատարելու որևէ փաստ: Ես սիրում եմ իմ Հայրենիքը և զրկանքներ եմ կրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանն աջակցելու` իմ, որպես պատգամավորի, պարտքը բարեխղճորեն կատարելու համար»։
Խաչատուր Սուքիասյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 225 հոդվածով («զանգվածային անկարգություններ»), որով նախատեսվում է 4-ից 10 տարի ազատազրկում: Ազգային Ժողովի կողմից հունիսի 19-ին ընդունած համաներման մասին որոշման համաձայն` պատժից ազատվում են մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ առավելագույնը 5 տարվա ազատազրկման դատապարտվածները: Հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ համաներումը կարող է տարածվել, եթե նրանք մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներկայանան իրավապահ մարմիններին:
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է..