Ի ն ֆ ո ր մ ա ց ի ա յ ի   ձ ե ր   ա լ ի ք ը
 
 
 2010.09.08
Գլխավոր  >  Վերլուծություն
Լրագրող Հրանտ Տեր-Աբրահամյանը, բլոգեր Տիգրան Քոչարյանը եւ վերլուծաբան Արթուր Ավթանդիլյանը E-channel հյուրասրահում քննարկում են մարտի 1-ի էջը փակելուջանքերն ու հնարավորությունները։
2009-08-05

Հրանտ Տեր-Աբրահամյան
Երբ իրական կրակոցներ են հնչում, արդեն ուրիշ պատմություն է դառնում. կրակում են թշնամու վրա... Այսօր մարտի 1-ի հետեւանքով փաստորեն հասարակության մեջ 2 տարանջատված խմբեր կան, որոնք ըստ օբյեկտիվ հոգեբանական-հասարակական օրինաչափությունների՝ թշնամիներ են...
Ես ու Տիգրանը, ճիշտ է, փողոցում իրար հանդիպելիս, բարեւում ենք, խոսում ենք, բայց փաստը մնում է փաստ, որ այս մարդն ասում է՝ լավ են արել, որ քեզ վրա կրակել են... Կենցաղում մենք ուղիղ կոնֆլիկտի չենք գնում, բայց իրականում մենք թշնամիներ ենք։


Արթուր Ավթանդիլյան
Ինձ համար մարտի 1-ն արդեն վաղուց դադարել է քաղաքական հարց լինելուց, քանի որ մարտի 1-ով Հայաստանի քաղաքական դաշտն իրեն սպառեց։  Իշխանությունը եւ ընդդիմությունը ցույց տվեցին, որ այդքան էլ ադեկվատ չեն գնահատում իրականությունը։


Հրանտ Տեր-Աբրահամյան
Մարտի 1-ը քաղաքական հարց է այնքանով, որ դրա հետեւանքները կան մեր կյանքի բոլոր բնագավառներում, այդ թվում նաեւ՝ քաղաքականության մեջ։ Կոնկրետ ինձ համար, նախ եւ առաջ, հետաքրքիր են մարտի 1-ի արտաքին քաղաքական հետեւանքները, որոնք իմ կարծիքով՝ այսօր գալիս է հանգուցալուծման։
Մարտի 1-ին մենք ստորագրել ենք նաեւ Ղարաբաղի հանձնման

 
փաստաթղթի տակ. սա նույնպես քաղաքական հետեւանք է։


Տիգրան Քոչարյան
Ղարաբաղը հանձնելն ու մարտի 1-ը բացարձակապես իրար հետ կապ չունեն։ Նույնիսկ հակառակը՝ եթե իշխանության ձգտող ռեւանշիստները հաղթեին, իմ կարծիքով՝ Ղարաբաղի հարցն ավելի կբարդանար։ Բայց իհարկե այն, ինչ կատարվեց մարտի 1-ին եւ մինչեւ մարտի 1-ը, ուղղակի թուլացրեց Հայաստանի դիրքերը։ Այդ առումով՝ համաձայն եմ Հրանտի հետ. եթե երկրի ներսում ապակայունացված վիճակ է, արտաքին ուժերն ու թշնամիները օգտվում են դրանից։


Արթուր Ավթանդիլյան
Թույլ օրգանիզմը ինչ-որ մեկի կողմից վերահսկվելու հակում ունի։ Երբ դո՛ւ պետք է որոշումներ ընդունես, ընդունում են քո փոխարեն, դա շատ լավ դրսեւորվեց այս ընթացքում։
Բնականաբար, պիտի այդպես լիներ՝ եթե քո խաղադրույքը չունես, քո փոխարեն ուրիշներն են խաղադրույք դնում՝ ով ոնց պատահի։


Տիգրան Քոչարյան
Ինձ համար մարտի 1-ի հետ կապված հիմնական հարցն այն է, որ ոչ ոք չի պատժվում՝ ո՛չ իշխանությունից, ո՛չ էլ ընդդիմությունից։ Հենց առաջին անձանցից սկսենք։ Փաստորեն նախկին նախագահներից եւ ոչ մեկը՝ ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը, պատասխանատվություն չկրեցին։ Իմ կարծիքով՝ սահմանադրական փոփոխություն պետք է անել, եւ նախագահներին զրկել իմունիտետից։ Մարդը, որ գիտի իրեն չեն պատժելու, ամեն ինչ էլ կարող է անել։


Հրանտ Տեր-Աբրահամյան
Իշխանությունը մի վարկած էր առաջ քաշում, ընդդիմությունը՝ մի ուրիշ։ Այդ վարկածները պետք է ապացուցվեն, եւ եթե, ասենք, իշխանության վարկածն է ճիշտ, ես անձամբ պատրաստ եմ գնալ եւ պատասխանատվություն կրել , որովհետեւ ես էլ եմ հրապարակային կոչեր արել մարդկանց մասնակցելու այդ հանրահավաքներին։ Բայց էսպես՝ «բոլորս բոլորին ներեցին, բոլորը բանտերից դուրս եկան», հարցը չլուծվեց։ Ո՞վ մնաց այդ 10 զոհերի պատասխանատուն... Ինչո՞ւ նա պատիժ չի կրել...
Եթե իշխանական վարկածն է ճիշտ, ուրեմն՝ այդ համաներմանը ես դեմ եմ։ Ո՞ւմ եք բաց թողնում՝ պետական մեծագույն հանցագործների՞ն։ Եթե նրանց բաց եք թողնում, ուրեմն՝ ձեր վարկածն է սխալ։ Եթե բաց եք թողնում, որովհետեւ ուզում եք ներել նրանց, որպես քաղաքացի՝ ես դեմ եմ, որ 10 մարդու մահվան մեղավորներին բաց թողնեք։


Տիգրան Քոչարյան
Իմ կարծիքով՝ համաներումը շատ սխալ քայլ էր։ Մարդկանց բաց թողնելով՝ հարցը չի լուծվում։
Նախագահը փորձում է ինչ-որ ձեւով լեզու գտնել ընդդիմության հետ, բայց անընդհատ սխալ քայլեր է անում։ Հրանտի հետ համաձայն եմ՝ մեղավորը պետք է նստի։


Արթուր Ավթանդիլյան
Մարտի 1-ն իրականում մի անդառնալի պրոցեսի սկիզբ դրեց, եւ այդ անդառնալիության գիտակցումը չափազանց էական է բոլորի համար։ Իշխանության ջանքերն ուղղված են մինչմարտիմեկյան իրավիճակի ռեստավրացիային՝ այն դեպքում, երբ մեզ պետք է որակական ռեֆորմացիա։
Հնարավոր չէ փտած հիմքի վրա ինչ-որ բան ռեստավրացիա անել։ Ասածիս վառ օրինակը հանրային խորհուրդն է։ Հավաքվել են մարդիկ, ովքեր արդեն հասարակական կյանքի լուսանցքից էլ են դուրս եկել՝ հենց նույն ընտրությունների միջոցով։ Իշխանության մոդելը սա է, բայց ամբողջ ցավն այն է, որ ես հակառակ մոդելն էլ չեմ տեսնում։ Երբ ես հարցնում եմ ընդդիմությանը՝ ինչու եք կարծում, որ դուք հանրային խորհրդից լավն եք, ոչնչով չեն կարողանում ինձ համոզել, որովհետեւ մոդել չունեն։
Այս առումով՝ մարտի 1-ի էջն ինձ համար փակ է. եկել է ինչ-որ մի նոր բան ստեղծելու ժամանակը։ Մարտի 1-ից սկսած մենք երկունքային իրավիճակում ենք գտնվում, որը պետք է ծնի Հայաստանի 4-րդ հանրապետությունը։ Ինձ համար դեռ շատ պարզ էլ չէ, թե ինչպիսին է լինելու այդ հանրապետությունը, որովհետեւ բոլոր դերակատարներն, առանց բացառության, իրենց սնանկ են ճանաչել։


Հրանտ Տեր-Աբրահամյան
Մարտի 1-ի էջն ինձ համար էլ է արդեն փակվել։ Նույն Տիգրանի հետ այս թեմայով ես մեծ հետաքրքրությամբ կբանավիճեի անցած տարի, բայց՝ ոչ հիմա։ Ինձ համար ամեն ինչ պարզ է, եւ ես ուզում եմ առաջ գնալ։
Հասարակության պառակտում կոչվածը, որ տեղի ունեցավ մարտի 1-ից հետո, ո՛չ միայն բացասական, այլեւ իմ կարծիքով՝ խորը դրական հետեւանքներ ունեցավ։ Ես այլեւս չեմ ուզում լինել մի հասարակության մեջ այն մարդկանց հետ, ովքեր կապված են մարտի 1-ի իշխանական վարկածի հետ։ Ես դա հետմարտիմեկյան ձեռքբերումներից մեկն եմ համարում։
Ես հիմա ինձ զգում եմ նոր հասարակություն, նոր ազգ, ապագա Հայաստան։ Եվ ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք այդ նորին հասնել, քանի որ դրա սաղմն այսօր արդեն կա՝ այլընտրանքային հասարակություն է ձեւավորվել. մենք ենք արդեն Հայաստանը։
Հինը, որ փորձում է վերականգնել մինչմարտիմեկյան վիճակը, դատապարտված է։ Ես նրանց հետ նույն հասարակության մեջ չեմ ապրում այլեւս։


Տիգրան Քոչարյան
Հրանտի ասածը շատ նման է հին Հռոմում ապրող նոր քրիստոնյաների վարքագծին. իրենք իրենց կտրեցին հասարակությունից եւ ասացին՝ մենք ձեզ հետ կապ չունենք։


Հրանտ Տեր-Աբրահամյան
Մենք չկտրեցինք մեզ, հասարակությունն այսօր մե՛նք ենք։


Տիգրան Քոչարյան
Ես էլ ասում եմ՝ հասարակությունը ե՛ս եմ։


Հրանտ Տեր-Աբրահամյան
Դուք 2007թ-ում եք մնացել։


Տիգրան Քոչարյան
Ձեւավորվել է մարդկանց մի խումբ, ովքեր բացարձակապես ոչ մի բան չեն ընդունում... Բայց դու էլ պետության մի մասնիկն ես, ե՛ս էլ։ Թե դու քեզ ո՞ր պետությանն ես դասում, ինձ՝ ո՞ր պետությանը, այլ հարց է։


Հրանտ Տեր-Աբրահամյան
Ես ինձ Հայաստանի հանրապետության եմ դասում, իսկ քեզ՝ Սովետական Հայաստանին։


Արթուր Ավթանդիլյան
Ինձ համար հիմա կա միայն մեկ չափանիշ, որով ես պատրաստ եմ ցանկացած մարդու մասին դատել՝ ադեկվա՞տ է նա ստեղծված իրավիճակին, թե՞ ոչ։
Եթե նա ունի ինչ-որ բանի հասնելու գիտակցություն, իր մտադրությունը իրագործելու ազատություն եւ իր արածի հետեւանքները զգալու պատասխանատվություն, ուրեմն՝ ինքն ադեկվատ մարդ է։ Եթե չկան այս երեքը, ինքն ինձ համար ակտուալ մարդ չէ այլեւս։


Հրանտ Տեր-Աբրահամյան
Մնացել է Սովետական Հայաստանում։

 
«    Սեպտեմբեր 2010    »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
Համաձա՞յն եք, որ ամառային հանգիստը պետք է անցկացնել Հայաստանում
Այո, որովհետեւ այդպես էժան է
Այո, որպեսզի ծախսված գումարները մնան Հայատանում
Ոչ, որովհետեւ թանկ է
Ոչ, որովհետեւ սպասարկումը ցածր մակարդակի վրա է

HotLine

 


Armenian Top Web Sites Statistics & Rating

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ
Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է­..

hackhack

Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio