S.O.S Թեղուտ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը այսօր ուղիղ ժամը երեքին մոտեցավ Ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժնի շենքին, ցայտաղբյուրից ջուր խմեց, ձեռքով արեց իր աջակցության համար արվող բողոքի ակցիայի մասնակիցներին եւ մտավ իր իրավաբան Նոնա Գալստյանի ուղեկցությամբ գնաց հարցաքննության։
2009-08-19 06:24
Մարիամ Սուխուդյանը օգոստոսի 13-ին ծանուցագիր էր ստացել, որտեղ նշվում էր, որ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջինով՝ զրպարտություն։ Հետագայում ոստիկանութան քննիչները նրան մեղադրեցին Քրեական օրենսգրքի 333 հոդվածի մաս 2-ի 3-րդ կետով՝ սուտ մատնություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Սուխուդյանի դեմ քրեական գործը հարուցվել է Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական հաղորդման 2008թ. նոյեմբերի 13-ի թողարկման հիման վրա, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից սեռական ոտնձգությունների մասին:
Մարիամ Սուխուդյանը եւ մի քանի այլ ակտիվ երիտասարդներ ահազանգել էին Նուբարաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցում տիրող վիճակի մասին (թերի ուսուցում, հակասանիտարական վիճակ, վատ սնունդ, աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություններ)։ Գործը քննող ոստիկանները Սուխուդյանի դեմ են մեղադրանք առաջադրել, համարելով, որ նա Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի ուսուցչի դեմ սուտ մատնություն է արել։
Այսօր, ոստիկանության Էրեբունու քննչական բաժանմունքի շենքի դիմաց, մինչ Մարիամ Սուխուդյանը շենքում էր, կայացավ նրա պաշտպանության բողոքի ակցիա։
S.O.S Թեղուտ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստները եկել էին «Մենք բոլորս Մարիամ ենք, մենք բոլորս ազնիվ ենք», «Բարի գործը անպատիժ չի մնում» վերտառություններով պաստառներով։
Մարիամն ու նրա իրավաբանը ոստիկանության շենքում մնացին մոտ երկու ժամ։ Այս ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցները շենքի առջեւ համբերությամբ սպասում էին իրենց ընկերոջը։ Ոստիկանները մի պահ փորձեցին ցրել բողոքի ակցիան, սակայն Մարիամի ընկերները տեղի չտվեցին ու չհեռացան շենքի մոտից։ Նրանք կանգնել էին խաղաղ, առանց վանկարկելու։
Ոստիկանության շենքից դուրս գալով Մարիամ Սուխուդյանը տեղեկացրեց, որ ինքը հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի դեռ չի ծանոթացել ամբողջ քրեական գործի հետ։ Ակտիվիստի փաստաբան Նոնա Գալստյանը խոստացավ մոտ ապագայում պատմել իրենց քայլերի մասին։
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է..