ՆԻնչո՞ւ որոշեց ՀՅԴ-ն պաշտպանել ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, իշխանական թեկնածու Բակո Սահակյանին։
Վերջին տարիներին ԼՂՀ-ում կուտակվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծումը պահանջում է թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության լայն խավերի ուժերի մոբլիզացում: ԼՂՀ-ն արտաքին և ներքին ճակատներում պետք է պատրաստ լինի դիմագրավելու այդ մարտահրավերներին: Ելնելով դրանից՝ ՀՅԴ-ի Շրջանային ժողովը որոշում ընդունեց ուսումնասիրել միասնական թեկնածուով հանդես գալու կարելիությունները: Իսկ կարելիությունները, մեր պատկերացմամբ, առկա հիմնախնդիրներն են և դրանց լուծման ուղիները: Քաղաքական ուժերի (հիմնականում խորհրդարանական) հետ հանդիպումների ժամանակ եկանք համաձայնության այդ հիմնախնդիրների հրատապության և դրանց լուծման շուրջ, և ստորագրվեց համապատասխան համաձայնագիր: Այնուհետև քննարկվեց միասնական թեկնածուն, ով լավագույնը կիրականացնի այդ խնդիրների լուծումը: Կուսակցությունների հետ քննարկման արդյունքում միասնական թեկնածու ընտրվեց Բակո Սահակյանը, կուսակցությունների կողմից մատնանշված հիմնախնդիրները տեղ գտան Բակո Սահակյանի նախընտրական ծրագրում:
Բակո Սահակյանն ասում է, թե պետք է շարունակել ու զարգացնել ներկայիս ուղեգիծը, նոր ռեֆորմների կարիք չկա. Հայ հեղափոխական դաշնակցությունը նույնպե՞ս համոզված է, որ Արցախում ամեն բան լավ է, ու ոչինչ պետք չէ փոխել։
ԼՂՀ Սահմանադրության ընդունումով պետական կառավարման դեմոկրատական մեխանիզմերի բարեփոխումների հիմքը դրվեց: Պետք է շարունակել Սահմանադրությամբ ընդունված օրենքներից բխող շարունակական բարեփոխումները: Այսօր, բնականաբար, ՀՅԴ-ին չի բավարարում այդ բարեփոխումների իրականացման տեմպերը, ինչպես նաև այն, որ որոշ դեպքերում էլ շեղումներ են կատարվում այդ ծրագրերից:
Հնարավոր համարո՞ւմ եք միասնական թեկնածուի պարտությունը։
Ընտրությունների ժամանակ ամեն ինչ էլ հնարավոր է: ՀՅԴ-ն սատարում է Բակո Սահակյանին եւ բնականաբար թեկնածուի թե’ պարտությունը, եւ թե’ հաղթանակը կընդունի համարժեք:
ՀՅԴ-ի՝ միասնական թեկնածուին միանալուց հետո միակ ընդդիմադիր թեկնածուն մնում է Կոմկուսի ներկայացուցիչը։ Չկա՞ մտավախություն, որ այս ընտրություններից հետո ՀՅԴ-ն այլևս չի ընկալվի որպես ընդդիմություն։
Նախ ՀՅԴ-ն ոչ մեկին չի միացել: Միասնական թեկնածուն խորհրդարանական կուսակցությունների միջև քաղաքական քննարկումների արդյունք է: Թե կոմկուսի ներկայացուցիչը, թե’ նախագահի մնացած թեկնածուները մրցակիցներ են: Նախագահական ընտրությունների արդյունքում ԼՂՀ-ում ընտրվում է նոր նախագահ, և ձևավորում նոր կառավարություն: Ի տարբերություն ՀՀ-ի, ԼՂՀ-ում խորհրդարանական մեծամասնությունը չէ, որ ձևավորում է կառավարություն, այլ նախագահը: Հարց է առաջանում ընդդիմություն ու՞մ, դեռևս չընտրված նախագահին կամ չձևավորված կառավարությա՞նը:
Ինչ վերաբերվում է մտավախությանը, որ ՀՅԴ-ն ընտրություններից հետո չի ընկալվի որպես ընդդիմություն, ասենք հետևյալը, որ ԼՂՀ-ում լիովին չձևավորված քաղաքական դաշտի պայմաններում ՀՅԴ-ն չունի այն ընկալումը, որ ինչ իշխանություններն են կատարում՝ՙ անպայման վատ է, և, միևնուն ժամանակ, ՀՅԴ-ն չունի այն հարմարվողականությունը, որ սխալների դեպքում ստիպված չասի իր տեսակետները կամ չորդեգրի համապատասխան կեցվածք:
ՀՅԴ-ն Լեռնային Ղարաբաղում ընդդիմություն է թե՞ իշխանություն։
ՀՅԴ-ի համար դիմութունը կամ ընդդիմությունը ինքնանպատակ չէ: Այսօր ԼՂՀ-ում ՀՅԴ-ն ընդդիմություն է, չի կիսում իշխանություների վարած սոցիալ- տնտեսական ներկա քաղաքականությունը եւ բազմիցս արտահայտվել է այդ մասին թե ԱԺ-ում, թե ընդհանրապես:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղից ներկա պայմաններում անհնարին է սպասել դեմոկրատական ինստիտուտների ամբողջական կիրառում, չնայած Ղարաբաղում ընտրությունները միշտ անցել են ավելի արդար, քան հարևան երկրներում։ Ինչպիսի՞ն կլինեն առաջիկա ընտրությունները այս համատեքստում։
Վահան Հովհաննիսյանը ճիշտ է, դեմոկրատական ինստիտուտների ամբողջական կիրառումը մեծամասամբ կախված է հասարակության զարգացվածության աստիճանից, այդ առումով հետխորհրդային բոլոր երկրները դեռ ճանապարհ ունեն անցնելու: Իսկ որ ԼՂՀ-ում, իրոք, ընտրությունները համեմատաբար ավելի արդար են լինում, քան հարեւան երկրներում, մեր կարծիքով՝ դա փաստ է: Իսկ այսօր կան բոլոր նախապայմանները արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար:
Կան գնահատականներ, թե Բակո Սահակյանի առաջադրմամբ ներկա նախագահը ապահովում է իր վերարտադրումը։ Ձեր կարծիքով՝ սա կնպաստի՞ թե՞ կխանգարի ԼՂՀ-ում ժողովրդավարության ընթացքին։
Չեմ կիսում նման գնահատականները, համարում եմ նաեւ ինչ-որ տեղ վիրավորական՝ ցանկացած թեկնածուի համար:
Ընտրության արդյունքում ձեւավորվում է նոր իշխանություն, որը պետք է հաշվի առնի նախորդ իշխանության ձեռքբերումները եւ աշխատի շտկել առկա սխալները եւ շարժվի առաջ: Նման կողմնակալ գնահատականները (վերարտադրություն և այլն) կարծում եմ կխանգարեն ԼՂՀ-ում ժողովրդավարության ընթացքին:
Հունիսի 14-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված 5 թեկնածուներից ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանը նույն օրը ինքնաբացարկի դիմում ներկայացրեց, իսկ ավելի ուշ՝ դիմում՝ ինքնաբացարկը չեղյալ հայտարարելու մասին։ Ինչո՞ւ։ Չե՞ք կարծում, որ նման քայլերը կարող են անլրջություն հաղորդել այս կարևոր պետական միջոցառմանը։
Մանրամասություններին տեղյակ չեմ: Ավելի ճիշտ եւ կոռեկտ կլինի այդ հարցը ուղղել նախագահի թեկնածու Արմեն Աբգարյանին:
Ի՞նչ մթնոլորտ է այսօր Լեռնային Ղարաբաղում։ Բնականո՞ն եք համարում լարվածությունը ընտրություններից առաջ։
Այսօր ԼՂՀ-ում տիրում է նորմալ նախընտրական մթնոլորտ: Գոնե այս պահին որեւէ արտառոց լարվածություն չի նկատվում: