Ի ն ֆ ո ր մ ա ց ի ա յ ի   ձ ե ր   ա լ ի ք ը
 
 
 2010.09.09
Գլխավոր  >  Վերլուծություն
Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնառաջադրումը 2008թ. նախագահական ընտրություններում քաղաքական դաշտն ինքնաբերաբար չորս հիմնական մասերի բաժանեց։Ամենահետաքրքրականն այն է, սակայն, որ այդ բաժանման գիծը ոչ թե անցնում է ընդդիմություն-իշխանություն բևեռների սահմանագծով, այլ հատում է և՛ իշխանության, և՛ ընդդիմության ուժերի դասավորությունը։ Հենց այս գործոնով էլ պայմանավորված է լինելու նախընտրական շրջանում քաղաքական դաշտի ցանկացած վերադասավորում կամ վերաձևում։
2007-11-09

Հիմնական խաղացողներ

Աստիճանաբար ուրվագծվում է, որ հիմնական պայքարը մղվելու է նախկին և ներկա իշխանությունների միջև։ Դրան են ձգտում և՛ նախկինները, և՛ ներկաները։ Սակայն եթե Տեր-Պետրոսյանի թիմի համար դա հստակ մարտավարական գիծ է, որի նպատակը հասարակության ընկալումներում առաջին նախագահին որպես գործող իշխանության` գործնականում միակ այլընտրանք ներկայացնելը և դրանով ընդդիմադիր դաշտի բյուրեղացմանը հասնելն է, ապա իշխանությունը դա անում է ինքնաբերաբար, նույնիսկ հակառակ իր կամքի։ Այդ են վկայում հոկտեմբերի 26-ի նախօրեին Տեր-Պետրոսյանի թիմը ներկայացնող լրագրողների նկատմամբ իրականացված, պահի ազդեցությամբ թելադրված ոչ ադեկվատ գործողությունները, ինչպես նաեւ` Տեր-Պետրոսյանի հայտարարություններին հանրապետության գործող նախագահի կողմից անձամբ հակադարձելը։ Դրանք ցույց տվեցին, որ չնայած Տեր-Պետրոսյանին «շարքային ընդդիմադիր» դարձնելու մտադրությանը, իբրև միակ լուրջ հակառակորդ՝ իշխանությունն ընդունում է հենց Տեր-Պետրոսյանին։

Իշխանությունը մինչև վերջին պահը համոզված էր, որ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի։ Հետևաբար մարտավարության մշակման իմաստով պատրաստ չէր մեծ քաղաքականություն նրա շռնդալից մուտքին։ Տեր-Պետրոսյանը, մեծ հաշվով, հենց անսպասելիության գործոնի վրա էլ կառուցել էր իր տակտիկան։ Հակառակ դեպքում, նախագահական ընտրություններում իր առաջադրման որոշման մասին նա ավելի շուտ կհայտարարեր՝ հաշվի առնելով հասարակության ոչ միանշանակ վերաբերմունքը իր նկատմամբ, և դա հաղթահարելու համար պահանջվող երկար ժամանակը։ Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ Տեր-Պետրոսյանը համառորեն «ժամանակից շուտ» չի հրապարակում իր ծրագրային մոտեցումները, ինչի մասին ակնարկեց երիտասարդների հետ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կայացած հանդիպման ընթացքում։ Ավելին՝ նրա վերջին բոլոր քայլերը մի կողմից՝ անսպասելի, մյուս կողմից՝ շփոթեցնող էին և այնքան արագ էին հաջորդում միմյանց, որ ո՛չ իշխանությանը և ո՛չ էլ ընդհանրապես քաղաքական ուժերին վերլուծելու ժամանակ չէին թողնում։ Եթե այս մարտավարությունը շարունակվի, ապա հնարավոր է՝ մինչև վերջ էլ իշխանությունն ի վիճակի չլինի Տեր-Պետրոսյանի նկատմամբ արդյունավետ քարզչություն մշակել։

Երկրորդ պատճառը այն լուրջ մտահոգությունն է, որ ձեռք բերած քաղաքական, վարչական և տնտեսական ռեսուրսները սորուն ավազի պես կարող են հոսել իշխանության ոտքերի տակից այն նույն մեխանիզմով, ինչպես 1998թ. նախկինները կորցրին իրենց բոլոր՝ քաղաքական, վարչատնտեսական հենարանները։ Տեր-Պետրոսյանի առաջին ելույթը, որտեղ նա խոշոր գործարար շրջանակներին օլիգարխների փոխարեն զոհեր էր համարում, հենց իշխանության այդ հիմքերը խարխելու ընդգծված շեշտադրում ուներ, և դրա իմաստը իշխանությունը շատ պարզ հասկացավ։ Հենց միայն այդ լծակները չկորցնելու մղումը, ինչը կենսական նշանակություն ունի իշխանության համար, տերպետրոսյանական թիմի դեմ մղվող պայքարն ավելի ու ավելի սուր եւ անզիջում է դարձնելու։

Իշխանությունը, «հիշեցնելով ինչ-որ բաներ», Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչությունը կառուցելու է անցյալի վրա՝ շահագործելով հասարակության միջինից բարձր տարիքի շերտերի հիշողությունները։ Իր բոլոր վերջին ելույթներում առաջին նախագահը նրբորեն շրջանցում է հասարակությանը հաշվետու լինելու և իր իրական թիմը ներկայացնելու խնդիրը։ Նա իր երիտասարդ համախոհներին կոչ է անում նույնիսկ «պարտավորված չզգալ պատասխանելու այդ հարցադրումներին», ինչը ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանը չի փոխելու իր որդեգրած այս գիծը։ Իշխանական քարոզչամեքենան հենց այս թույլ կետերին էլ կհարվածի՝ ամեն կերպ ջանալով ընտրարշավը զերծ պահել ծրագրային բանավեճից։

Տեր-Պետրոսյանի կողմից վարվող ներկայիս մարտավարության հիմնական նպատակակետը առաջին փուլով ընտրություններն ավարտելու իշխանության պլանների ձախողումն է։ Միամտություն կլիներ կարծել, թե առաջին նախագահը իսկապես մտածում էր պահպանվող հասարակական դժգոհության ֆոնի վրա միանգամից դառնալ ընդդիմության միասնական թեկնածու և միանգամից էլ հաղթել իշխանության թեկնածուին։ Դրա համար նպաստավոր հիանալի պայմաններ կապահովի ընտրությունների երկրորդ փուլը, երբ պարտություն կրած «նախագահացուները» կկանգնեն առաջին փուլը հաղթահարած երկու թեկնածուների միջև ընտրություն կատարելու երկընտրանքի առջև։ Հենց այստեղ է, որ սկսելու են լուրջ դեր կատարել քաղաքական դաշտի մյուս երկու՝ ֆոնային բևեռները։

Երկրորդային խաղացողների դաշտը

Դրանցից մեկի՝ ՀՅԴ-ի խաղաքարտերն ամենափակն են և ամենաանկանխատեսելին։ Չնայած դաշնակցությունը հայտարարել է սեփական թեկնածուով ընտրություններին մասնակցելու մասին և անգամ միանգամից երկու թեկնածու է առաջադրել, բայց Տեր-Պետրոսյանի՝ խաղի մեջ մտնելուց հետո չի կարող չվերահաշվարկել իր հնարավորությունները։ Եթե դաշնակցությունը լրջորեն մտնի ընտրապայքարի մեջ, ապա վերջինս հստակ գաղափարական ուղղվածություն կստանա՝ պայմանավորված ընդգծված աջերի, ի դեմս տերպետրոսյանական թիմի և ընդգծված ձախերի՝ ի դեմս դաշնակցության դիմակայության։ Հնարավոր է՝ հանրապետական պահպանողականությունը ճզմվի այդ պայքարում, եթե իշխող կուսակցությունը ներքաշվի գաղափարական հակամարտության այս հորձանուտ։ Մյուս կողմից, սակայն, նա այլընտրանք կարող է չունենալ, որովհետև անհասկանալի է՝ հակառակ դեպքում ինչով պետք է պատասխանի մրցակիցներին։ Եթե բանը հասնի երկրորդ փուլին, ապա ՀՅԴ-ն կարող է ստիպել հանրապետականներին իր զորակցության դիմաց հսկայական զիջումների գնալ և մեծացնել լծակները իշխանությունում։ Մյուս կողմից՝ չպետք է անտեսել, որ ՀՅԴ-ն՝ Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի երկրորդ փուլ դուրս գալու դեպքում այլընտրանք չի ունենալու։ Եթե ՀՀԿ-ն հաղթի առանց իր աջակցության, ապա կուսակցությունը կկորցնի օրենսդիրում և գործադիրում ունեցած բոլոր պորտֆելները և ստիպված կլինի մղվել ընդդիմություն։ Իսկ Տեր-Պետրոսյանի հաղթանակի դեպքում, այսպես թե այնպես դաշնակցությունը ընդդիմադիր կդառնա։ Հետևաբար չի բացառվում, որ դաշնակցությունը երկորդ փուլի ժամանակ հստակ կկանգնի իշխանության թեկնածուի կողքին։

Մինչդեռ Տեր-Պետրոսյանի հույսը քաղաքական դաշտի չորրորդ՝ ամորֆ զանգվածների ամբողջության վրա է, որքան էլ այս դաշտից միանգամից մի քանի «նախագահացուներ» խաղի մեջ լինեն։ Դրանցից առնվազն երկուսը՝ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ում կարիերայի կնքահայրը հանդիսանում է հենց Լևոն Տեր-Պետրոսյանը և ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը, բոլոր նախադրյալներն ունեն ընտրությունների որևէ փուլից Տեր-Պետրոսյանին պաշտպանելու համար։ Նախ նրանք երկուսն էլ լիբերալ ուղղվածություն ունեն և գաղափարական ոչ մի լուրջ հակասություն չունեն առաջին նախագահի հետ, և երկրորդ՝ կարծես թե ուրիշ ճանապարհ էլ չունեն։ Հատկապես Վազգեն Մանուկյանը, ում պոտենցիալ ընտրաձայներն աստիճանաբար անցնում են Տեր-Պետրոսյանին, այսօր միայն ջրի երեսին մնալու խնդիր ունի։ Մանուկյանը գուցե փորձի այս ընտրություններն օգտագործել վերականգնելու փշուրների բաժանված ԱԺՄ-ն՝ հաշվի առնելով, որ Արշակ Սադոյանն արդեն հայտարարել է իր ղեկավարած կուսակցության կողմից Մանուկյանին սատարելու մասին։ Ուշագրավ է այն փաստը, որ նախքան առաջադրվելը Տեր-Պետրոսյանը հանդիպեց հատկապես այս երկու գործիչների գլխավորած կուսակցությունների հետ։

Այլ է «Ժառանգություն» կուսակցության պարագան։ Վերջինս ևս ընդգծված աջակողմյան է։ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ դառնալու իրավունք չունի այս ընտրությունենրում, սակայն ունի լուրջ ընտրազանգված։ ՀՅԴ-ն ամենաշուտն էր գնահատել «Ժառանգության»՝ իրենց համար այս նպաստավոր իրավիճակը։ Սակայն համագործակցությունը խորացնելու նրանց ակնարկները գործնական դրսևորումների չհանգեցրին և կրկին օրակարգում է այս կուսակցության ընտրազանգվածը «տնօրինելու» խնդիրը։ Տեր-Պետրոսյանը վերջերս նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպում ունեցավ։ Դժվար է ասել, թե ինչ է նա առաջարկել, սակայն ակնհայտ է, որ նա ևս անտարբեր չէ այս չօգտագործված ռեսուրսի նկատմամբ։ Միակ խնդիրը, որ կարող է խոչընդոտել այս ուժերի մերձեցմանը, ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ նրանց հակադրվող դիրքորոշումներն են։ Եվ որովհետև երկու լիդերներն էլ սկզբունքային են իրենց մոտեցումներում, կարող են նաև չհասկանալ միմյանց։

Ինչ վերաբերում է Արամ Կարապետյանին և հնարավոր է՝ նաև Արտաշես Գեղամյանին, ապա նրանց մասնակցությունը բոլորովին այլ նպատակ է հետապնդելու՝ փոշիացնել ընդդիմության ձայներն այն աստիճան, որ հարցը լուծվի հենց առաջին փուլում, այսինքն՝ հօգուտ Սերժ Սարգսյանի։ Ազգը միաբանելու մասին Գեղամյանի լղոզված, հոգեցունց հայտարարությունները, ինչպես նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ ավելի ու ավելի որոշակիացող լոյալությունը բացահայտ առաջարկ է իշխանությանը՝ օգտագործել իր ռեսուրսները։ Եվ դժվար թե վերջինս չօգտվի այդ հնարավորությունից։ Դժվար չէ հասկանալ, որ իշխանությունը բացի Սերժ Սարգսյանի քարոզչությունն իրականացնելուց, նաև դժգոհ ընտրազանգվածի հաշվին Գեղամյանի և Արամ Կարապետյանի վարկանիշի բարձրացմանը կնպաստի։ Այս տեխնոլոգիայից գուցե ավելի շատ կօգտվեն նաև մյուս նախագահացուները՝ Արթուր Բաղդասարյանը և Վազգեն Մանուկյանը՝ քանի որ իրենց քաղաքական հայացքներով նրանք ավելի մոտ են Տեր-Պետրոսյանին, հետևաբար նրանից ձայներ պոկելու ավելի մեծ հնարավորություններ ունեն։

Ամեն դեպքում և՛ իշխանությունը, և՛ արմատականները կսկսեն «հունցել» քաղաքական դաշտի այս ամորֆ հատվածի հում խմորը։ Արդյունքնում, փետրվարի 18-ից հետո կունենանք քաղաքական մի իրավիճակ, որտեղ վերջին տաս տարիներին ընդդիմության դաշտում հայտնված ուժերի մեծ մասը վերջնականապես կմարգինալացվի։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

  Կարդալ նաեւ  
Ի՞ՆՉ է ԼԻՆԵԼՈՒ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ
ԻՆՉՊԵ՞Ս Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ «ՍԹԱՓՎՈՒՄ» ԸՆՏՐԱԿԱՆ «ՆՈԿԴԱՈՒՆԻՑ»
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ Է ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ՀԵՏ
ՀՅԴ-Ն ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ 2 Է ԳՆԱՀԱՏՈՒՄ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԳՆ-Ի ՇԵՆՔԻ ՄՈՏ ՑՈՒՅՑ ԿԱՆԻ
«ՍԵՂՄՈՒՄ ԵՆ ՃՆՇՄԱՆ ՕՂԱԿԸ»
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԴԱՐՁԱՎ»
ՀԱԿ. «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԿԱՊԻՏՈՒԼԱՑԻԱՆ Է ԱՆԱՌԱՐԿԵԼԻ ՓԱՍՏԵՐԻ ԱՌՋԵՎ»
ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԻՏԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԻ»
«ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՁԵՎՈՎ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՉԵՆ »(VIDEO/PHOTO)
 
«    Սեպտեմբեր 2010    »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
Համաձա՞յն եք, որ ամառային հանգիստը պետք է անցկացնել Հայաստանում
Այո, որովհետեւ այդպես էժան է
Այո, որպեսզի ծախսված գումարները մնան Հայատանում
Ոչ, որովհետեւ թանկ է
Ոչ, որովհետեւ սպասարկումը ցածր մակարդակի վրա է

HotLine

 


Armenian Top Web Sites Statistics & Rating

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ
Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է­..

hackhack

Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio