ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ՆԱԽԱԳԱՀ
Նախաբան
Լեգիտիմ է այն իշխանությունը, որն իր կողմից գիտակցում է, որ ունի իշխելու իրավունք, եւ իշխվողներն իրենց հերթին ընդունում են այդ իրավունքը: Այս նախագահական ընտրությունների մթնոլորտը թեժ է, յուրաքանչյուր թեկնածու ցանկանում է փետրվարի 19-ին վերջնականապես ամրագրել իր լեգիտիմ իշխելու իրավունքը: Բայց միթե՞ փետրվարի 19-ի արդյունքները բավարար են լեգիտիմության համար:
Ինչպես չափել լեգիտիմությու՞նը
Ընտրությունները դեռևս լեգիտիմությունը չափելու մեխանիզմ չեն, և փետրվարի 19-ը չէ, որ լեգիտիմության որոշիչն է լինելու: Ընտրությունները ոչ միայն պետք է կայանան որպես իրավական` լեգալ գործընթաց, այլև պետք է լինեն ազատ և արդար: Իսկ ընտրությունները արդար և ազատ են ճանաչվում տարբեր ձևերով։ Տարբեր գնահատականներ կարող են հնչել և՛ մինչև ընտրությունները, և՛ դրանից հետո:
Լեգիտիմությունն օբյեկտիվորեն չափել անհնար է, ցանկացած իշխանություն կարող է համարվել լեգիտիմ, եթե ընտրողներն ընդունում են նրա լեգիտիմ իշխելու իրավունքը: Հնարավոր է, արդյո՞ք, անարդար և անազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը դառնա լեգիտիմ: Վերադառնալով լեգիտիմության սահմանմանը, ասենք, որ այո՛. ով էլ ընտրվի, նա կհամարվի լեգիտիմ, քանզի Հայաստանում ձևավորված մշակույթի համաձայն՝ նա ավտոմատ ձևով կստանա իշխելու իրավունք: Եվ, իհարկե, խոսքը իշխելու սահմանադրական իրավունքի մասին չէ, այլ այն մասին, որ ոչ ֆորմալ դաշտում նրան կսկսեն ենթարկվել թե՛ տնտեսական աշխարհի ներկայացուցիչները, թե՛ քաղաքական դաշտինը, թե՛ տարատեսակ բյուրոկրատական պաշտոնյաները՝ նախագահի հրամանը վեր դասելով օրենքով իրենց վերապահված պարտավորությունների կատարումից: Ասածս ապացուցող փաստերը կարող ենք գտնել ներկայիս նախագահի իշխանական ուժի մեջ. նույնիսկ գործարարները ընդունում են նրա իշխանությունը` ապացույցը բանկիրների (տարօրինակ) պարբերական հավաքն է ՀՀ նախագահի մոտ: Այս փաստերը և ՀՀ նախագահին ենթարկվելու՝ շատերի բուռն ցանկությունն են, որ ավտոմատ լեգիտիմացնում են ցանկացած եղանակով ընտրված նախագահի:
Իշխանության լեգիտիմությունը` 3 աղբյուր
Դիմելով դասականներին՝ նշենք Մաքս Վեբերի իշխանության լեգիտիմության 3 աղբյուրները։
1. Խարիզմատիկ իշխանություն: Այսինքն՝ մարդ, առաջնորդ, ով եթե նույնիսկ չունի համապատասխան իրավական լծակներ, կարողանում է իշխել, և նրան ենթարկվում են: Ակամայից պետք է հիշել Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի իշխանության ժամանակահատվածը: Թեպետ նրանցից ոչ ոք այդ ժամանակ չուներ ֆորմալ նախագահի ստատուս, պետք է նշել, որ Վազգեն Սարգսյանն էր համարվում լեգիտիմ իշխանություն։ Լրագրողներն ու փորձագետները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը նույնիսկ համեմատում էին Անգլիայի թագուհու կարգավիճակի հետ: Ի դեպ, այդ ժամանակահատվածում արտաքին ուժերը նույնպես ընդունում էին Վազգեն Սարգսյանի լեգիտիմությունը: Նշենք, որ նրա իշխանության լեգիտիմությունը գալիս էր նաև իր պաշտոնից` որպես բյուրոկրատական ուժի ներկայացուցչի: Թեպետ խարիզման մեր հասարակությունում դեռ ընկալվում է որպես դրական հատկություն, նշենք, որ խարիզմատիկ կարող է լինել ինչպես լավ, այնպես էլ վատ առաջնորդը:
2. Ավանդույթային իշխանություն: Լեգիտիմ է նաև միապետը, լեգիտիմ էր նաև Սադդամ Հուսեյնը: Հայաստանում իշխելու որեւէ ավանդույթային եղանակ չկա, սակայն կա փաստ, որ Հայաստանում դեռևս ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի չի ունեցել: Ընտրություններն ավելի շուտ ընկալվում են որպես գործող իշխանության կողմից ներկայացված նախագահի թեկնածուին լեգիտիմացնելու գործընթաց: Ռուսաստանում այժմ Պուտինը զբաղված է Մեդվեդևի լեգիտիմացման գործընթացով:
3. Լեգիտիմության երրորդ աղբյուրը կոչվում է բյուրոկրատական իշխանություն, կամ էլ ռացիոնալ կամ օրինական ճանապարհով ստեղծված իշխանություն: Սա ենթադրում է մի շարք գործընթացների, կանոնների, օրենքների հիման վրա լեգիտիմ իշխանություն:
Ահա այս երրորդ կետն էլ ապահովում է ժողովրդավարական լեգիտիմ իշխանությունը, եթե նախապես սահմանված կանոնները և դրանց կիրառումը ժողովրդավարական են: Թերևս Հայաստանը, որպես ժողովրդավարություն հռչակած պետություն, ձգտում է ունենալ այնպիսի նախագահ, ով պետք է ունենա իշխանության լեգիտիմության հենց երրորդ աղբյուրը: Ժողովրդավարությունը, եթե կարճ սահմանենք, ապա այն գործընթացների գերակայությունն է արդյունքի նկատմամբ:
Ի՞նչ են չափում դիտորդները
Հայաստանը կայացած ինստիտուցիոնալ բյուրոկրատական կառավարման համակարգով պետություն է: Դատական համակարգը թերզարգացած է, բյուրոկրատիան գերզարգացած է, իսկ ժողովրդավարությունը սաղմնային վիճակում է: Նման համակարգում նախագահը ավտոմատ դառնում է լեգիտիմ այն առումով, որ ժողովրդի լեզվով ասած կարող է «հարց լուծող լինել»: Սա նշանակում է, որ անկախ ամեն ինչից օտար երկրների համար միևնույն է, նա ընկալվելու է որպես ոչ ժողովրդավարական պետության լեգիտիմ նախագահ: Այստեղ, իհարկե, հարց է ծագում, թե ինչ իմաստ կա այդ դեպքում միջազգային դիտորդների ներկայությունը և ընտրություններին գնահատական տալը:
Վերադառնալով ժողովրդավարության սահմանմանը, նշենք, որ դիտորդները գնահատում են ընտրական գործընթացները և արդյունքի հետ կապ չունեն: Թերևս տեսականորեն նրանց քիչ է հետաքրքրում, թե ով կընտրվի, խնդիրը ընտրական գործընթացների համապատասխանությունն է ժողովրդավարության ընդունված նորմերին, միջազգային պրակտիկային և, թերևս վերջում, ՀՀ օրենսդրությանը: Հայաստանի նախագահը, ի տարբերություն շատ այլ լեգիտիմ ոչ ժողովրդավարական երկրների նախագահների, ավելի շատ ունի լեգիտիմության կարիք: Խնդիրը այն է, որ միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի նավթ կամ գազ, որպեսզի իրեն լսել տա, իսկ ժողովրդի անունից խոսելիս ոչ ժողովրդավարական Նախագահը միշտ իր խոսքը լսեցնելու խնդիրներ է ունենալու: Սա է պատճառը, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները կարևորում են միջազգային հանրության կարծիքը նախագահական ընտրությունների վերաբերյալ` սակայն մինչև այն պահը, քանի դեռ վտանգված չէ իրենց թեկնածուի ընտրվելը: Իսկ ընդդիմությունը միշտ փորձելու է վտանգել իշխանական թեկնածուի ընտրվելը: Ահա այս պահն է, որ դառնում է կրիտիկական ընտրական գործընթացները կառավարողի համար, երբ նրանց այլևս չի հետաքրքրում ազատ և արդար ընտրությունները, այլ ավելի շատ դրա արդյունքը: Միջազգային դիտորդներն էլ արձանագրում են այդ` ոչ ժողովրդավարական պահը և հաղորդում իրենց կառույցներին ու իշխանություններին:
Ե՞րբ է ժողովուրդը լեգիտիմ համարում նախագահին
Ինչ-որ առումով դիտորդ ենք նաև մենք, ընտրողներս: Չէ՞ որ բոլորիս հուզում է, թե ինչպես են կայացել ընտրությունները: Սակայն, ի տարբերություն իրական դիտորդների՝ ժողովուրդը զրկված է տեղեկատվությունից: Ժողովրդի կողմից նախագահի լեգիտիմության, այսինքն՝ նախագահի իշխանությունը ընդունելու կամ չընդունելու արտահայտչաձևը տարբերվում է: Ժողովուրդը կարող է չընդունել Նախագահի լեգիտիմությունը բոյկոտի, ցույցերի, և, վերջիվերջո, անհնազանդությունների ու հեղափոխությունների տեսքով: Սակայն մինչ այս քայլերին դիմելը, ժողովուրդը պետք է տեղյակ լինի ընտրությունների անազատ ու անարդար գործընթացի մասին ու գնահատականներին: Ինչպիսին էլ լինեն դիտորդների կարծիքները, ընտրությունները կասկածի տակ դնող ինչպիսի գործընթացներն էլ տեղի ունենան, միևնույնն է, դրանք իմաստազուրկ են, եթե չկա հաղորդակցություն, ազատ մամուլ և ազատ խոսք Հայաստանում: Այսինքն՝ ընտրություններից հետո ժողովուրդը զրկվելու է ընտրությունների վերաբերյալ դրանց լեգիտիմության մասին ցանկացած զրույցից ու բանավեճից: Ընտրությունները կասկածի տակ դնելը դառնալու է տաբու:
Հետգրություն
Խորհդրարանական ընտրությունները բարձրացրեցին ընտրությունների անցկացման նշաձողը: Եթե առաջընթացը թեթևակի գովաբանվում է միջազգային հանրության կողմից, ապա հետընթացը բազմակի քննադատվում է: Փետրվարի տասնինը Հայաստանի համար արձանագրվելու է որպես ժողովրդավարության մեծ հետընթաց: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ ընդդիմությունը իշխանությանը նահանջի ճանապարհ թողել է` նշելով մեծամասնության հետ աշխատելու իրենց ցանկությունը: Ցավոք սրտի ընտրապայքարի մեջ մտած իշխանական կողմը այդպես էլ չի մշակել պարտվելու բանաձև: Իսկ դա նշանակում է արդյունքը գերապատվել ազատ և արդար ընտրությունների գործընթացից, պատրաստ լինել դիմելու ցանկացած գործողությունների: Իշխանության թեկնածուն ընտրվելու է և ունենալու է ներքին առավել մեծ լեգիտիմություն, քան նախորդ նախագահը, սակայն նրա արտաքին լեգիտիմությունը լինելու մեծ հարցականի տակ: Նա ժողովրդավարական երկրների համար ավելի շուտ ընկալվելու է որպես Կովկասի նոր Պուտին` ուժեղ, իրավիճակին տիրապետող, սակայն, ոչ ժողովրդավար նախագահ:
ԱՇՈՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ Բլոգ blog.ichd.org
|